Ընդհանուր տեղեկություններ
Լառնահայաստանը ընդգրկում է ՀՀ 4 մարզերի` Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի գրեթե ամբողջ տարածքները և Արարատի մարզի լեռնային շրջանները` զբաղեցնելով ավելի քան 12 հազ. կմ² մակերես: Լեռնաշարով կազմված այս մեծ բանալին է բացում Արցախ աշխարհի դուռը: Այստեղով է անցնում Իրան - Հայաստան առայժմ միակ միջազգային ավտոմայրուղին: Այստեղ է հանրահայտ առողջարանային Ջերմուկ քաղաքը` իր աշխարհահռչակ հանքային ջրերով: Այստեղ` մեր լեռնաստանում, ընդերքը թաքցնում է հազվագյուտ գանձեր` կարստային քարանձավներ: Այստեղ են շառաչում մեր հանրապետության ամենաբարձր ջրվեժները: Այստեղ են հանգրվանում մեր ճարտարապետության գլուխգործոցներ Տաթևն ու Նորավանքը, հրաշք Գնդեվանքը: Այստեղ են գործել մեր միջնադարյան հայտնի համալսարանները` Գլաձորն ու Տաթևը: Այստեղ իրենց անճառ հանճարով արարել են Մոմիկն ու Սիրանեսը: Այս հերոսական հողում են հանգչում Մխիթար Սպարապետն ու մեծն Նժդեհը: Սա է ծննդավայրը Բակունցի ու Սահյանի, Պարույր Սևակի: Այստեղ են քաղցրանում անուշահամ ծիրանն ու մեղրաբույր խաղողը: Այստեղ է նշվում գինու մեծ տոնը.... Զբոսաշրջային այս տարածաշրջանի զարդն է հանդիսանում աշխարհում շատ քիչ հանդիպող, բարձրլեռնային, քաղցրահամ, լեռների շուրջպարին հավերժ հետևող հրաշք Սևանը, որը Արարատյան դաշտից բարձր է 1000մ-ով: Սևանի լճային հայելին բարձր է անգամ հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունից:
«Եվ որ այստեղ է` բարձրիկ Սևանում Երկինքը իր ճիշտ պատճենը հանում...»
Այսպես պատկերավոր է արտահայտվել մեծ բանաստեղծը, երբ լեռնաստանի բարձունքներից զմայլված հայացք է նետել կապուտաչյա գեղեցկուհուն: Սևանը, սակայն, Լեռնահայաստանի 1/10-րդ մասն է կազմում, ինչպես ՀՀ – ն` հայկական լեռնաշխարհի: Այստեղ` Լեռնահայաստանում, ամենուրեք կարելի է հրաշքների հանդիպել: Բնությունն այստեղ չափազանց շռայլորեն է ցուցադրում իր ամբողջ ներկապնակը: Լեռներն ու ձորերը չափ են տալիս գետերի ու ջրվեժների սիմֆոնիային: Բերդերն ու վանքերը լուռ խոնարհումով հավերժորեն ունկնդրում են այդ վիրտուոզ խաղին: Լեռների կուսական բնությամբ արբած իրենց դրախտային գոյությունն են վայելում բազմահարուստ լանդշաֆտների բույսերն ու կենդանիները: Հապա մեր Լեռնաստանի մարդի՞կ` կենցաղով ազնիվ, աշխատանքով անբասիր, էությամբ արարող, նկարագրով հայեցի, լինեն նրանք զանգեզուրցի, վայոցձորցի, թե՞ քյավառցի: |